Կոնտենտի ու տեքստերի հետ աշխատողները շատ են քննարկում, թե վերջապես որն է SEO-ի տեսանկյունից բլոգ հրապարակումների համար ամենաօպտիմալ երկարությունը: Իրականում պատասխանն այդքան էլ միանշանակ չէ։
Շատ փոփոխականներ կան, որոնք կարող են ու պետք է հաշվի առնվեն հոդվածների ամենաօպտիմալ չափի համար: Բայց նախ և առաջ պետք է պատասխանել այս երկու կարևոր հարցերին․
Մարդիկ հաճախ եզրակացնում են, որ կարճ կոնտենտն ամենալավն է օգտատերերի համար: Այն հեշտ ու արագ է ընթերցվում: Մարդիկ չեն ցանկանում համակարգչի դիմաց միևնույն բանի վրա երկար ժամանակ ծախսել:
Մենք արդեն գիտենք, որ մարդկանց կենտրոնացումն ինչ-որ բանի վրա սերնդեսերունդ կարճանում է: Բայց արդյո՞ք սա նշանակում է, որ կարճ հոդվածներն ավելի լավ են օգտատերերի համար, ու այսպիսով ավելի լավ են organic որոնումների համար:
Հավանաբար՝ ոչ:
Google-ի որոնման արդյունքների վրա ազդող հարյուրավոր հանգամանքներ կան։ Եվ այդ հանգամանքներից մեկը user experience-ն է։
Բայց հատկապես ինչքա՞ն կարևոր է հոդվածի երկարությունը, եթե այն դիտարկում ենք SEO տեսանկյունից: Եվ ո՞րն է ընդհանրապես բլոգ հրապարակումների իդեալական երկարությունը։
Ուսումնասիրության համար վիճակագրությունը մեկնարկի լավ կետ է։ Բայց, ինչպես գիտենք, վիճակագրությունը երբեմն կարող է տարբեր կերպ ներկայացվել։
Կարևոր է հասկանալ, որ անկախ երկարությունից, միշտ կարող է լինել լավ և վատ կոնտենտ: Այն հետազոտությունները, որոնք ուսումնասիրում են կոնտենտի հարյուր հազարավոր էջեր, հաստատապես չեն ուսումնասիրում, թե որ կոնտենտն է իսկապես լավը, որը վատը: Դրանք վերլուծում են հոդվածը միայն երկարության տեսանկյունից։
Հավանաբար ճիշտ է, որ կարճ կոնտենտը հեշտ ու արագ է կարդացվում, մենք դա չենք վիճարկում: Բայց արդյո՞ք այդ կարճ տեքստը լիարժեք պատասխանում է այն հարցին, որը հետաքրքրում է ընթերցողին: Իհարկե, որոշ հարցերի կարելի է պատասխանել բավականին կարճ, բայց դա սովորաբար որակով կոնտենտ չէ: Դա «մեկ բառով» պատասխան է, որը բացատրություն չի տալիս, և Google-ը գիտի, որ այն բավարար չէ։ Խիստ կարճ պատասխանը բավարար չէ, որպեսզի կրթական կոնտենտը համարվի որակյալ, օգտակար և լիարժեք։ Կոնտենտի որակն արտահայտվում է դրա լիարժեք, համոզիչ լինելով։ Խելամիտ կառուցվածքն ու հարուստ աղբյուրները դրան վստահելիություն են հաղորդում։
Սա կարևոր պատճառ է, թե ինչու է երկար կոնտենտն ավելի լավ դիրք զբաղեցնում օրգանիկ որոնումներում, քան կարճ կոնտենտը:
Ըստ 2016թ-ին իրականացված հետազոտության՝ որոնումների առաջին էջում հայտնվող կոնտենտի միջին երկարությունը 1900 բառ է: Սա շատ ավելի երկար է, քան 200-500 բառ երկարությամբ բլոգ հրապարակումները, որոնք կոնտենտ գրողները համարում են իդեալական չափսի:
Չափազանց շատ մարդիկ կարևորում են հոդվածի միջին երկարությունը: Իհարկե, կարևոր է ինչ-որ նյութ ունենալ, բայց պետք չէ 2500 բառանոց կոնտենտում մի քանի անգամ, տարբեր բառերով կրկնել նույն միտքը: Օրինակ՝ եթե գրում եք որևէ ֆիլմի մասին, կարիք չկա նույն հերոսի վատ վարքի մասին տարբեր խոսքերով անդրադառնալ։ Վստահաբար, կլինեն նաև այլ հերոսներ, որոնց մասին արժե գրել։
Մարդիկ փնտրում են հստակ հարցերի պատասխաններ: «Արդյո՞ք ֆիլմը լավն էր», «Ինչու՞ էր այն լավը կամ վատը», «Արդյո՞ք արժե դիտել այն»․․․ սրանք իրական հարցերն են: Ֆիլմերի լավագույն վերլուծությունները պետք է ամբողջությամբ պատասխանեն այս բոլոր հարցերին՝ միևնույն ժամանակ չբարդացնելով և չծանրաբեռնելով ավելորդ տեղեկատվությամբ: Տվեք օգտատերերին այն, ինչ նրանք ուզում են՝ անկախ թե ինչքան բառ կպահանջվի այն բացատրելու համար:
Ինչպես վեբ կոնտենտի բոլոր տեսակների դեպքում է՝ դուք պետք է ունենաք հստակ նպատակ, թիրախ: Դուք պետք է ուսումնասիրեք ձեր թիրախային լսարանը: Ո՞վ է փնտրելու ձեր կոնտենտն ու սպառելու այն։
Դուք պետք է նաև հաշվի առնեք մարդկանց հարցման նպատակի խորությունը: Այսինքն՝ արդյո՞ք նրանք փնտրում են ընդհանուր տեղեկատվություն, թե փորձում են հենց այդ պահին գնել ինչ-որ բան: Իդեալական պայմաններում լավ կոնտենտը նախագծվում է մինչև այն ստեղծելը: Այն պետք է միավորի ձեր բիզնեսի և որոնում կատարող ընթերցողի նպատակները:
Կոնտենտը պետք է լիարժեք համապատասխանի հարցումներին՝ դրանով գոհացնելով օգտատերերին:
Որակով կոնտենտն ավելին է, քան միայն գրված բառերը: Լավ կոնտենտը կապում է մանրակրկիտ արված հետազոտությունը և ընթերցողների հետաքրքրություններին համապատասխան գրված տեքստը:
Նույնիսկ ամենալավ տեսանյութը պետք է ուղեկցվի լավ գրված տեքստով, որը պետք է բացատրի տեսանյութն ու դրա նպատակները:
Որոշ տեղեկատվություն ավելի հեշտ է մարսվում գրավոր տեսքով: Որոշներն ավելի հարմար են վիզուալ առումով՝ վիդեո կամ ֆոտո ուղեկցման կարիք ունեն:
Երբ դուք օգտագործում եք վիզուալ կամ աուդիո կոնտենտ, ուղեկցե՛ք այն գրավոր կոնտենտով։ Դա կօգնի, որ նյութն ավելի հասկանալի լինի, ինչպես նաև դրական ազդեցություն ունենա SEO-ի տեսանկյունից:
Ձեր կոնտենտը կարող է լինել տարբեր ձևաչափերով և կարող է հազարավոր ձևերով հայտնաբերվել և սպառվել: Ձեր նպատակը 2000 բառ երկարությամբ բլոգ հրապարակում գրելը չէ, որը երբեմն համարվում է «իդեալական երկարություն» organic search-ի համար:
Ձեր նպատակը պետք է լինի առաջարկել ամենալավ, ամենաօգտակար կոնտենտը ձեր թիրախային լսարանին: Լսարանը կգնահատի այն, և դուք արդյունքը կզգաք՝ հետևելով լսարանի արձագանքին և վիճակագրությանը:
Իսկ Դուք ի՞նչ երկրության կոնտենտ եք սիրում ընթերցել: Գրե՛ք մեկնաբանություններում: