Եթե փնտրեք, թե որոնք են սոց․ մեդիա մարքեթինգի 2018-ի թրենդերը, ապա կհամոզվեք, որ կարծիքները տարբեր են։ Սակայն գրեթե բոլոր աղբյուրներն իրենց ցուցակում ներառում են Influencer Marketing-ը։
Ի՞նչ է Influencer Marketing-ը․
«Influencer Marketing» տերմինն աշխարհով մեկ ձեռք է բերել մասսայական հետաքրքրություն և ուշադրություն։ 2016թ-ից այն Google-ում իր որոնումներն ավելացրել է 90%-ով, իսկ 2017թ-ին՝ կրկնապատկվել է։
Եթե փորձենք հակիրճ ներկայացնել Influencer Marketing-ը, ապա ամենաընդհանուր կերպով դա բրենդի, ապրանքի կամ ծառայությունների առաջխաղացումն է կարծիքի առաջնորդների օգնությամբ։ Influencer Marketing-ի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ կարծիքի առաջնորդների օգնությամբ ապրանքի կամ ծառայության առաջխաղացումը իրականացվում է անուղղակիորեն` լսարանի մոտ ունեցած վստահության շնորհիվ։ Այսպես հնարավոր է դառնում շրջանցել «գովազդային կուրություն» հասկացությունը։
Influencer կարող է լինել ցանկացած անձ` սկսած հայտնի փոփ աստղերից, մինչև սոց. ցանցերում հեղինակություն վայելող և հանրաճանաչ օգտատերեր։ Կարծիքի առաջնորդ դառնալու ամենակարևոր պայմանը լսարանի վստահությունը ձեռք բերելն է։
Ինչու՞ է Influencer Marketing-ը կարևոր․
- Ըստ Statusbrew-ի՝ սոց․ մեդիայում «Influencer»-ների թվաքանակի զգալի աճ կա։ Այս աճը նկատվում է նաև հայաստանյան բիզնես միջավայում։ Տարբեր մասնագիտական ուղղություններում ձևավորվում են կարծիքի առաջնորդներ։ Եթե կարողանաք գտնել ձեր բիզնես ոլորտում կարծիքի առաջնորդներին և ճիշտ աշխատել նրանց հետ, ապա կկարողանաք իրականացնել արդյունավետ Inluencer Marketing:
- Հունվարի 12-ին Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ Facebook-ն այսուհետ օգտվողների լրահոսից խիստ պակասեցնելու է չգովազդվող բրենդային կոնտենտը։ Սրա հետևանքով բիզնես էջերի organic reach-ը կտրուկ կկրճատվի։ Փոխարենը Facebook-ը կսկսի էլ ավելի մեծ դիտելիություն ապահովել հասարակ օգտվողների հրապարակումներին։
Սա, իհարկե, լավ նորություն է կարծիքի առաջնորդների համար, քանի որ նրանց դերն ու պահանջարկը կտրուկ կմեծանան։
- Influencer Marketing-ի ամենատարածված հարթակներից մեկն Instagram-ն է։ Կարծիքի առաջնորդների կողմից գովազդային հրապարակումների ընդհանուր արժեքը 2017-ին գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Ըստ կանխատեսումների՝ այս թիվը 2018-ին կհասնի մինչև 1,6 միլիարդ դոլարի։ Instagram-ը գնալով մեծ տարածում է գտնում նաև Հայաստանում։ Սա Influencer Marketing-ի կիրառման նոր հնարավորություններ է ստեղծում բիզնեսի համար։
Instagram-ում Influencer-ների համաշխարհային շուկայի ծավալը (2017-2019)
Ըստ AdWeek-ի՝ այն բրենդները, որոնք աշխատել են influencer-ների հետ, ունեցել են նաև հավելյալ առավելություններ․
- Կարծիքի առաջնորդների 88%-ը պատմում են իրենց ընկերներին և ծանոթներին այն բրենդի մասին, որի հետ աշխատել են
- 72%-ը նույնիսկ անվճար և կամավոր հիմունքներով ստեղծում են լրացուցիչ կոնտենտ բրենդի վերաբերյալ
- 77%-ը խոստովանել է, որ հետագայում, ամենայն հավանականությամբ, կգնի հենց այն բրենդի ապրանքները, որի հետ աշխատել է։
Հիմնվելով վերոնշյալ փաստերի վրա՝ խորհուրդ ենք տալիս Ձեր կոնտենտ ռազմավարության մեջ ներառել նաև Influencer-ների կողմից ստեղծվող կոնտենտը։ Influencer-ների հետ աշխատելիս շատ կարևոր է գրագետ մոտեցում ցույց տալ թե՛ մարդկային և թե՛ մասնագիտական առումով։